AM
12 March 2024 - 09:29 AMT

Թումոն կվերակառուցի Գյումրու շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց

Թումոն կվերակառուցի Գյումրու շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց: Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը մարտի 11-ին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրու հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:

Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև «Թումոյի» աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները։

Ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

Նշվում է, որ դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

Կենտրոնի կառուցման աշխատանքները ստանձնող թիմի ընտրության համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։