AM
12 March 2024 - 09:34 AMT

Մարության․ Ուղեվարձի թանկացման նպատակը տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է

Մարտի 12–ի վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ։ Ակցիային զուգահեռ ընթանում է քաղաքապետարանի ավագանու նիստը, որի քվորումն ապահովվել է «Հանրային ձայնի» անդամների ներկայության շնորհիվ։

Ակցիային մասնակցող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ ուղեվարձի թանկացումների նպատակը քաղաքային տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է։

«Ես կասկածներ ունեմ, որ իրենք տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն անում են որպեսզի նորից բացեն տրանսպորտային այս ցանցը մասնավորին տալու խոսակցությունը։ Այսինքը պատրաստի փաթեթով հանձնել իրենց բարեկամ օլիգարխներին, դուք լավ ճանաչում եք իրենց»,-ասել է Մարությանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ ուղեվրաձի բարձրացման և աղբահանության համակարգը կրկին մասնավորին վերադարձնելու հայտարարությունների մեջ այլ տրամաբանություն չի տեսնում։

Մարությանին թույլ չեն տվել մտնել քաղաքապետարանի շենք, հայտնում է Aysor.am-ը։

«Այս մարդիկ, խախտելով բոլոր իրավական ու բարոյական օրենքները, ինձ չեն թողնում ներս մտնել: Դա խոսում է այն մասին, որ այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուզում էին, որ իրենք լինեն Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղը: Իրենք չէին ուզում, որ ՀՀԿ-ն գնա, որ լավ լինի: Այլ ուզում էին, որ իրենք զբաղեցնեն նրանց տեղը, վայելեն կոռուպցիան և ամեն ինչ: Մեր այսօրվա իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք հավերժ չեն: ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն էլ էին մտածում, որ հավերժ են: Դուք ժողովրդին բառացի խաբել եք»,–ասել է նա:

Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։