«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից, այդ թվում՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։ Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- ասված է գրառման մեջ։
Քաղաքապետարանը հայտարարել էր, որ մարտի 8–ին հանրային տրանսպորտում կանանցից ուղեվարձ չի գանձվի։