ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն մարտի 13-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:
Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմաթիի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը:
Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ: