AM
14 March 2024 - 11:41 AMT

Գորիսի համայնքապետ Առուշանյանը հերքել է ՔՊ-ին անդամակցելու մասին լուրը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հերքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ լուրը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ որևէ կուսակցությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։

«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,–գրել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, թե իր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Նշվում էր, որ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է։