Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT և Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար և համալրված չէ հետևի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելների դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթև կառուցվածքների և աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական GT սպորտային մեքենաները բարձրացնում են նշաձողը վարելու դինամիկայի տեսանկյունից: Հետևի սռնիի վրա տեղադրված է ավելի հզոր և արդյունավետ իմպուլսային կերպափոխիչ, որի մեջ որպես կիսահաղորդչային նյութ օգտագործում է սիլիցիումի կարբիդ։ Առաջին Taycan Turbo GT մոդելները հասանելի կլինեն արդեն գարնանը:
Շտուտգարտ. Դեռևս ներկայացված չէ շուկայում, բայց արդեն ռեկորդակիր է. Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն 2024 թվականի փետրվարի 23-ին Կալիֆորնիայի «Weathertech Raceway Laguna Seca»-ում արժանացել է ամենաարագ սերիական արտադրության էլեկտրական մեքենայի տիտղոսին: 1:27,87 րոպե ժամանակով Porsche-ի պիլոտ-կատարելագործող Լարս Քերնը շրջանն անցել է ավելի արագ, քան ցանկացած այլ ավտոարշավորդ շահագործման համար թույլատրված Էլեկտրական մեքենայով:

Դրանից կարճ ժամանակ առաջ նոր մոդելի նույն նախաարտադրական տարբերակն իր դասի մեքենաների շարքում սահմանել է նոր ռեկորդ Նյուրբուրգրինգում: Այս անգամ ղեկին նույնպես Քերնն էր, որը գրանցեց շրջագծի ռեկորդ՝ անցնելով «Nordschleife» մրցուղին 7:07.55 րոպեում: Շրջագծի անցման ժամանակը 26 վայրկյանով ավելի կարճ էր, քան Քերնի՝ 2022 թվականի օգոստոսին Performance փաթեթով համալրված Taycan Turbo S Sport սեդանով սահմանած նախորդ ռեկորդը: Այս ժամանակը նաև ընթացիկ ռեկորդ է սերիական էլեկտրական մեքենաների համար, բացի այդ Turbo GT մոդելը դարձնում է բոլոր տեսակի ուժային ագրեգատներից ամենաարագ չորսդռնանին Նյուրբուրգրինգում:
«Լաունա Սեկայի և Նյուրբուրգրինգի մրցուղիներում գրանցված երկու ռեկորդները ցույց են տալիս Taycan մոդելի հզոր մրցարշավային ներուժը։ Մրցուղու վրա տոկունությունն ապացուցելու համար միայն հզորությունը բավարար չէ: Պետք է ճիշտ լինի արագացման և արգելակման, շրջադարձերի ժամանակ կցորդման, աերոդինամիկայի, կայունության և ճշգրիտ կարգավորման ընդհանուր փաթեթը: Մասնավորապես՝ Taycan Turbo GT և Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելների պարագայում մեր ինժեներները հասան դրան բացարձակապես ցնցող ձևով: Նրանք արդեն գերազանց աշխատանք էին տարել վերջերս թարմացված՝ արդեն գոյություն ունեցող Taycan մոդելների համար: Սակայն մեր նոր GT մոդելները ևս մեկ անգամ ակնհայտորեն բարձրացնում են նշաձողը վարման դինամիկայի տեսանկյունից»,–նշել է մոդելային շարքի փոխնախագահ Գևին Գիկը։
«Լագունա Սեկայի մրցուղին հանդես է բերում Taycan Turbo GT-ի առացվելագույն հնարավորությունները, և այս հարցում մեծ դեր է խաղում դրա ընդհանուր փաթեթը, Weissach փաթեթով Turbo GT-ն նոր չափանիշներ է սահմանում գրեթե բոլոր առումներով: Դրանց թվում են՝ արագացումն ու արգելակումը, ինտուիտիվ օգտագործվող Attack ռեժիմը, և փոխհաղորդակը, որն ապահովում է կցորդման և կատարողականության բարձր մակարդակ: Իսկ կցորդումը շրջադարձերի ընթացքում առավել քան տպավորիչ է: Կառավարումն ու թեթևությունն անհավատալի են: Անվադողերը շատ լավ են գործում և ցանկացած իրավիճակում վարելիս դու ունես ճիշտ բալանս: Չափազանց զվարճալի է այս մեքենան Լագունա Սեկայի ոլորապտույտ մրցուղով վարելը»,–նշել է պիլոտ-կատարելագործող Քերնը:
Գործարկելիս 10 վայրկյանի ընթացքում հասանելի է մինչև 120 կՎտ հավելյալ հզորություն: Attack ռեժիմը հիմնված է այլ Taycan մոդելների (hասանելի է Sport Chrono փաթեթի և Performance Battery Plus- ի հետ համատեղ) «push-to-pass» ֆունկցիաների վրա: Համակարգն օպտիմալացված է մրցուղու վրա վարելու համար և գործում է ինչպես 99X մրցարշավային մեքենաների պարագայում, որոնք Porsche-ն օգտագործում է «Electric ABB FIA Formula E World Championship» առաջնությունում: Հավելյալ հզորությունը ցուցադրվում է ցուցիչների վահանակին՝ արագաչափի վրա արտացոլվելով անիմացիոն օղակների տեսքով, ցուցադրվում է նաև հետհաշվարկի ժամանակաչափը (ֆունկցիան հասանելի է 5 կմ/ժ-ից ավելի բարձր արագության դեպքում, երբ մարտկոցի ջերմաստիճանը բարձր է 10 °C-ից, իսկ SoC ցուցանիշն ավելի քան 30 տոկոս):
Ի տարբերություն այլ Taycan մոդելների «push-to-pass» ֆունկցիայի՝ Attack ռեժիմն առաջարկում է 50 կՎտ-ից ավելի լրացուցիչ հզորություն, և այն կարելի է գործարկել տարբեր ձևերով. որպես ղեկի կողքին տեղադրված ռեժիմի անջատիչը սեղմելու այլընտրանք այն կարելի է ակտիվացնել և ապաակտիվացնել ենթաղեկային փոխարկիչով՝ աջ կողմից: Սա օգնում է մրցուղու վրա ֆունկցիան ավելի հեշտորեն օգտագործելուն:
«Դա կարելի է անել նաև մրցարշավային ձեռնոցներով՝ առանց ձեռքերը ղեկից հեռացնելու: Այս պարզ, անվտանգ և արագ շահագործման միջոցով Taycan Turbo GT մոդելները հարմարեցված են մրցարշավի վարորդների կարիքներին»,- բացատրел է Կերնը։

Ձախ կողմում ենթաղեկային փոխարկիչի օգնությամբ կարելի է սահմանել ռեկուպերացիայի մակարդակը և հարմարեցնել այն վարման իրավիճակին:
Նոր ուժային էլեկտրոնիկա՝ ուժային համակարգում
Porsche-ն վերջերս կատարելագործել է Taycan մոդելային շարքը և մեծացրել մեքենաների համակարգերի ընդհանուր հզորությունը: Ի թիվս այլ բաների՝ նոր բարելավված ուժային համակարգը նախորդ մոդելների համեմատ ավելի մեծ դինամիկա է ապահովում: Taycan Turbo GT-ն և Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն նոր սպորտային մոդելներն են, որոնք նոր մակարդակի են բարձրացնում Taycan-ի կատարողականությունը: Հագեցած լինելով ավելի հզոր իմպուլսային կերպափոխիչով՝ երկու մեքենաներն էլ ունեն 580 կՎտ հզորություն: Launch Control-ի հետ մեկտեղ այս ցուցանիշը հասնում է 760 կՎտ ավելացված հզորության կամ ըստ պիկային հզորության չափման մեթոդի՝ 815 կՎտ-ի (երկու վայրկյան): Taycan Turbo GT-ի պարագայում թափառքը 0-ից 100 կմ/ժ տեղի է ունենում 2.3 վայրկյանում, իսկ Weissach փաթեթի դեպքում՝ 2.2 վայրկյանում: Այսպիսով, Taycan Turbo GT մոդելը մեկ-երկու տասներորդ վայրկյանով ավելի արագ է, քան Taycan Turbo S-ը: էլ ավելի մեծ է 0-ից մինչև 200 կմ/ժ արագացման տարբերությունը. Taycan Turbo GT-ի համար ցուցանիշը 6.6 վայրկյան է և 6.4 վայրկյան՝ Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի համար, ինչը մոտ 1.3 վայրկյանով ավելի արագ է, քան Taycan Turbo S-ի պարագայում։
Իմպուլսային կերպափոխիչն առանցքային դեր է խաղում էլեկտրական շարժիչի կառավարման գործում: Երկու Taycan Turbo GT մոդելների պարագայում էլ հետևի սռնիի վրա օգտագործվում են առավելագույնը 900 ամպեր հոսանքով իմպուլսային կերպափոխիչներ: Դրանք ապահովում են ավելի մեծ հզորություն և ոլորող մոմենտ, քան Taycan Turbo S-ի 600 ամպերանոց իմպուլսային կերպափոխիչները: Արդյունավետության ավելի բարձր մակարդակ ապահովելու նպատակով իմպուլսային փոխակերպիչում որպես կիսահաղորդչային նյութ օգտագործվում է սիլիցիումի կարբիդը: Սա զգալիորեն նվազեցնում է հոսանքափոխման կորուստները PWR-ում և ապահովում է ավելի բարձր անջատման հաճախականություններ: Փոխանցման տուփի փոխանցումային հարաբերակցությունն ու հուսալիությունը նույնպես բարելավվել են, ինչն ապահովում է ոլորող մոմենտի ավելի բարձր ցուցանիշներ: Առավելագույն ոլորող մոմենտը երկու մոդելի պարագայում էլ կազմում է մինչև 1,340 Նմ: Taycan Turbo GT մոդելների ընթացքի պաշարը կազմում է մինչև 555 կմ (WLTP):
Կարբոնե տարրեր և Porsche Active Ride. թեթևացված կոնստրուկցիա և հենասարք
Թեթևացված կոնստրուկցիա ապահովելու համար ձեռնարկված միջոցների շնորհիվ Porsche-ն նվազեցրել է Taycan Turbo GT մոդելի քաշը 75 կիլոգրամով՝ ի համեմատ Taycan Turbo S մոդելի: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ մի շարք մասեր պատրաստվել են կարբոնից: Ի թիվս այլ մասերի՝ ածխածնի մանրաթելերը օգտագործվել են Բ-սյուների ներդիրների, արտաքին հայելիների պատյանների և դռնաշեմերի ներդիրների պարագայում: Ածխածնային մանրաթելով ամրացված պլաստիկից (CFRP) պատրաստված նստատեղերը, թեթևացված բեռնախցիկը և բեռնախցիկի դռան սահուն փակող համակարգի բացակայությունը նույնպես օգնում են մեքենայի զանգվածի նվազեցմանը:

Taycan Turbo GT մոդելի ստանդարտ համալրման կազմում է դինամիկ վարման փաթեթը: Այն ներառում է Porsche Active Ride կախոցը GT մոդելներին հատուկ թյունինգով: Դինամիկ վարման իրավիճակներում կախոցն ապահովում է գերազանց կցորդում ճանապարհածածկի հետ և բեռնվածքի հավասարաչափ բաշխում անիվների վրա: Բացի այդ, ստանդարտ լրակազմը ներառում է հատուկ բնութագրերով ամառային անվադողեր: Դրանք տեղադրվում են 21 դյույմանոց թեթևացված կռածո անվահեցերի վրա: Turbo GT էքսկլյուզիվ անիվներն ունեն ռելիեֆային ֆրեզավորմամբ անվաճաղեր, ինչը թույլ է տալիս նվազեցնել քաշը և ապահովել արգելակների արդյունավետ օդափոխությունը:
Taycan Turbo GT-ի ստանդարտ համալրումը ներառում է թեթևացված կերամիկական արգելակներ: Porsche կերամիկական կոմպոզիտային արգելակների (PCCB) վրա հիմնված արգելակման համակարգը օպտիմալացվել է քաշի տեսանկյունից: Դիզայնի փոփոխությունները արգելակախուցի և արգելակային հենակների կորպուսում թույլ են տվել երկու կիլոգրամով կրճատել քաշը: Սա դրական ազդեցություն է թողել և՛ վարելու դինամիկայի, և՛ կատարողականության վրա. ոչ զսպանավորված և պտտվող զանգվածների նվազեցումը բարելավում է կատարողականությունը: Արգելակային հենակները ներկված են էքսկլյուզիվ Victory Gold գույնով:
Հետևի սփոյլեր՝ թևիկով և էքսկլյուզիվ լաքաներկային ծածկույթ. աերոդինամիկա և արտաքին տեսք

Հատուկ Taycan Turbo GT մոդելի համար Porsche-ն մշակել է առջևի սփոյլեր՝ աերոշեղբերով: Հետևում՝ ադապտիվ սփոյլեր է, որի պոկվող եզրը առանձնանում է փայլուն կարբոնե հարդարմամբ Գերնի թևիկով (Gurney flap):
Matrix LED լուսարձակները ներառված են ստանդարտ համալրման մեջ: Դրանք կարելի է փոխարինել օպցիոնալ HD Matrix LED-ով՝ առանց հավելավճարի: Կողային պրոֆիլում կան ածխածնային մանրաթելերից պատրաստված մի շարք բաղադրիչներ: Կողային պատուհանների ներդիրները ներկված են սև փայլուն գույնով:
Taycan Turbo և Taycan Turbo S մոդելներն առանձնանում են շարքի այլ մոդելներից Turbonite գույնի շեշտադրումներով, մինչդեռ Taycan Turbo GT-ի արտաքին տեսքը մրցարշավային ոճով է: Երկու մոդելների առջևի կապոտի և անվակունդերի կափարիչների վրա առկա է Porsche գունավոր գերբը: «Turbo GT» լոգոտիպը հետևի կափարիչի վրա ներկված է փայլատ սև գույնով:
Ընդհանուր առմամբ հասանելի է թափքի վեց գույն, ներառյալ նոր գունային տարբերակները՝ Pale Blue Metallic և Purple Sky Metallic: Դրանք վերապահված են բացառապես Taycan Turbo GT մոդելների համար մեկ տարի ժամկետով: Porsche Exclusive Manufaktur-ի Paint to Sample ծրագիրն առաջարկում է անհատականացման ավելի լայն տարբերակներ: Բացի այդ դռների ստորին հատվածների և առջևի կապոտի համար հասանելի են Taycan լոգոտիպով պիտակներ՝ Volt Blue կամ Black (փայլատ)/Black (փայլուն) գույներով:
Ստանդարտ շերեփանման նստատեղեր և սպորտային մթնոլորտ. Սրահ

Ստանդարտ համալրման մեջ սպորտային Race-Tex գործվածքով տարրերը համադրված են սև գույնի կաշվե զարդարանքի հետ: Ստանդարտ համալրումը նաև ներառում է թեթևացված շերեփանման նստատեղեր՝ հարդարված փայլուն կարբոնով: 18 դիրքով էլեկտրակարգավորվող և հիշողության փաթեթով առջևի ադապտիվ նստատեղերը՝ Adaptive Sports Seats Plus, կարելի է պատվիրել որպես օպցիա՝ առանց հավելյալ վճարի: Առջևի նստատեղերի գլխակալներին ասեղնագործված է Turbo GT լոգոտիպը: Բացի այդ կլիմայի կառավարման պանելի ներքևում կա նշան՝ մոդելի անհատական լոգոտիպով: Պատվերով հասանելի են սրահի էքսկլյուզիվ սարքավորումներ՝ հակադիր Volt Blue կամ GT Silver գույներով:
GT սպորտային ղեկանիվը եզրավորված է սև գույնի Race-Tex գործվածքով և ունի վերին կենտրոնական նշան: Taycan Turbo GT-ն համալրված է Taycan Turbo S-ի Sport Chrono փաթեթով:
Ստեղծված է մրցուղու համար. Taycan Turbo GT՝ Weissach փաթեթով
Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն ավելի հստակ դիրք ունի: Էլ ավելի բարելավված աերոդինամիկայի և թեթևացված կոնստրուկցիայի շնորհիվ այս մոդելը մշակված է կատարողականության բարձր մակարդակ ապահովելու համար: Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելի թափառքը 0-ից 100կմ/ժ տեղի է ունենում 2.2 վայրկյանում, ինչը երկտեղանի ավտոմեքենան դարձնում է վայրկյանի տասներորդ մասով ավելի արագընթաց, քան նույնքան հզոր Taycan Turbo GT-ն է: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 305 կմ/ժ՝ 290 կմ/ժ-ի փոխարեն:
Աերոդինամիկայի բարելավմանը միտված լրացուցիչ միջոցառումների թվում են օդային դեֆլեկտորները հատակային հատվածում և նոր առջևի դիֆուզորը: Weissach փաթեթով մոդելը համալրված է հետևի կարբոնե ֆիքսված հակաթևով, որի հենակներն ամրացված են թափքին: Ընդհանուր կոմպրեսիոն (սեղմումային) ուժը կազմում է մինչև 220 կիլոգրամ: Weissach փաթեթի լոգոտիպն առկա է հետևի հակաթևի երկու կողմերում: Պատվերով հասանելի է էքսկլյուզիվ գծավոր թաղանթը՝ Volt Blue, սև կամ փայլատ սև գույներով: Այն ավելի է ընդգծում ավտոմեքենայի սպորտային բնույթը: Գծավոր դիզայնը կարելի է համադրել սև պիտակների հավաքածուի հետ:

Մրցուղու վրա վարելու համար ոչ պիտանի բոլոր սարքավորումների հեռացումը թույլ է տվել նվազեցնել մեքենայի զանգվածը 70 կիլոգրամով՝ Weissach փաթեթ չունեցող Taycan Turbo GT-ի համեմատ: Հետևի նստատեղերի համակարգի փոխարեն հատուկ մշակված, բարձրորակ, թեթևացված, կարբոնե երեսպատմամբ պահուստային մաս է՝ վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի հետևում: Բացակայում է Sport Chrono փաթեթի անալոգային ժամացույցը, որը սովորաբար տեղակայված է սարքերի վահանակի վրա, գորգիկները նույնպես չկան: Օգտագործված է ավելի քիչ ջերմամեկուսիչ նյութ: Weissach փաթեթով Taycan Turbo GT-ն ունի լիցքավորման միակցչի դռնակ միայն ուղևորի կողմից, այն էլ՝ առանց էլեկտրաշարժաբերի: Հատուկ ձայնամեկուսիչ ու ջերմամեկուսիչ ապակին և Sound Package Plus-ը նույնպես նվազեցնում են զանգվածը: Վերջինս գործում է առանց հետևի բարձրախոսների և փոխարինում է BOSE® Surround Sound համակարգին:
Ստանդարտ համալրման կազմում է սրահի հարդարման GT փաթեթը, որը ներառում է սև գույնի Race-Tex գործվածքով տարրեր: Ուղևորի կողմից կա Weissach փաթեթի լոգոտիպով նշան: Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի համար հասանելի են նաև սրահի՝ Volt Blue և GT Silver գույներով հարդարման փաթեթները: Համապատասխան հակադիր գույնով թակալակարը եզրափակում է առանձնահատկությունների շարքը:
Taycan Turbo GT-ի և Weissach փաթեթով Taycan Turbo GT-ի գները Գերմանիայում սկսվում են 240,000 եվրոյից՝ ներառյալ 19 տոկոս ԱԱՀ-ն:
Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաև տեսանյութերը և լուսանկարները, հասանելի են Porsche Newsroom-ում:
Այն դեպքում, երբ արժեքները նշված են որպես միջակայքեր, դրանք չեն վերաբերում մեկ կոնկրետ մեքենայի և առաջարկվող ապրանքատեսականու մաս չեն: Դրանք նախատեսված են միայն տարբեր տեսակի մեքենաների համեմատության նպատակով: Լրացուցիչ սարքավորումները և պարագաները (լրացուցիչ մասեր, անվադողեր և այլն) կարող են փոխել մեքենայի համապատասխան պարամետրերը, ինչպիսիք են՝ քաշը, դիմադրությունը ճոճքին և աերոդինամիկան: Այս գործոնները, բացի եղանակից, երթևեկության պայմաններից և վարելու ոճից, կարող են ազդել վառելիքի/էլեկտրաէներգիայի սպառման, CO2 արտանետումների, ընթացքի պաշարի և մեքենայի կատարողականության ցուցանիշների վրա: