ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանազատման հիմք ընդունելու հարցի շուրջ փոխըմբռնումն այս պահի դրությամբ ավելին է, քան 1 ամիս առաջ։ Նրա տպավորությամբ՝ կողմերը շատ մոտ են այդ հարցով փոխադարձ համաձայնության, հայտնում է Արմենպրեսը։
«Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն ու հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա: Այն, ինչ այդ սահմանից «պայմանականորեն» կլինի ձախ, պետք է պատկանի Հայաստանին, ինչ կլինի այդ սահմանից աջ, պետք է պատկանի Ադրբեջանին»,-ասել է Միրզոյանը:
ԱԳ նախարարն ասել է, որ հայկական կողմի այս համոզմունքը, տեսլականը կիսում են նաև այլ գործընկերներ: Հայկական կողմը, սակայն, չունի վստահություն, որ Ադրբեջանն ընդունում է սա:
Միրզոյանը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը 1991-ին ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը:
«Եվ մենք մեր ադրբեջանցի գործընկերներին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի նախագահն այս նույնը հրապարակային ընդունել է գրավոր կերպով նախ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ քառակողմ հայտարարությամբ, հետո նույն բանն Ադրբեջանի նախագահն ընդունել է Սոչիում՝ գրավոր հայտարարությամբ: Ադրբեջանի նախագահն այս նույն բանը ընդունել է նաև Բրյուսելում 2023-ի մայիսին»,-ասել է նախարարը:
Միրզոյանը սակայն, ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում պայմանավորվածություններից: