AM
18 March 2024 - 09:10 AMT

Երևանի ճարտարապետական նշանակության շենքերին հարակից սրճարանները կապամոնտաժվեն

Երևանի հուշարձաններին ու ճարտարապետական նշանակության շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այդ մասին քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հավելել է, որ չի պատրաստվում հանդուրժել «նման այլանդակությունները և պետք է իրավական կետեր գտնել դա իրականացնելու համար»։

«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես անցյալ տարի մաքրվեց հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը: Այդպես պետք է շարունակվեն բոլոր նմանատիպ կետերը, միգուցե ավելի մեծ սրճարաններ: Այդ իրավական կետերը պետք է գտնենք։

Չեմ պատրաստվում հանդուժել նաև այն տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ պետք է լինեն, անկախ նախկինից եկած պրակտիկայից»,- ասել է քաղաքապետը: