Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։
Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ն գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հայտնում է Արմենպրեսը։
«Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների հետագա սահմանազատման վրա։ Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են նորանկախ հանրապետությունների միջև միջազգային պետական սահմանները։ Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում»,- ընդգծել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանազատման հիմք ընդունելու հարցի շուրջ փոխըմբռնումն այս պահի դրությամբ ավելին է, քան 1 ամիս առաջ։ Նրա տպավորությամբ՝ կողմերը շատ մոտ են այդ հարցով փոխադարձ համաձայնության։