Առաջիկայում հայկական կողմը կներկայացնի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ լուծումների իր առաջարկները։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեության վերաբերյալ։ Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը։ Այդ ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ առաջարկվող լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է` ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի նկատմաբ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։
«Ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է դրված»,– հավելել է նախարարը։
ԲՏԱ նախարարը տեղեկացրել է նաև, որ լուծումները ենթադրում են նաև նախկինում արված փորձերի արդյունքները, քանի որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատել։
Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց.
«Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մանրամասները հայտնելուց զերծ կմնամ»,– ասել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ խորհրդատվության օրն արդեն հայտնի է, բայց այն այս պահին չի հնչեցնի։