Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կառուցվող նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024-ի ապրիլին, հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Շուռնուխի նոր թաղամասը դեռևս շահագործման չի հանձնվել. 5–րդ հետաձգումից հետո շահագործումը պետք է տեղի ունենար 2024 թվականի սկզբին։
«Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2024 թվականի ապրիլի 1-ին»,– ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանում։
Հարցին, թե ինչպես է լուծվելու խմելու ջրի խնդիրը, որը, բնակիչների խոսքով, շարունակում է արդիական մնալ նույնիսկ խողովակաշար անցկացնելուց հետո, կոմիտեից պատասխանել են` պայմանագրով նախատեսվել է կառուցել կարգավորիչ նոր ջրամբար։
«Այդ ջրամբարը միացված է նոր կառուցված ջրագծին, որը դեռ չի շահագործվում»,– ընդգծել են կոմիտեից։
Բնակիչները պնդում են` աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և հազիվ 1-2 տան կբավականացնի։ Նրանք կարծում են, որ պետք է խողովակ անցկացնել Սևարանց գյուղի մոտակայքում գտնվող ավելի մեծ աղբյուրից. այդ դեպքում ջուրը կբավականացնի և Շուռնուխին, և հարևան Բարձրավանին։
44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց 108․5 մլն դրամ հատկացնել սահմանամերձ Շուռնուխ գյուղում կառուցվող տների համար։ Այդ գյուղի բնակիչների համար 13 տուն կառուցելու որոշումն ընդունվել է 2021 թվականի ապրիլին և այդ նպատակով հատկացվել էր 1 մլրդ 190 մլն դրամ։