AM
19 March 2024 - 10:54 AMT

Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ–ՆԱՏՕ գործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը։

«Շահագրգռված ենք նաև ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի։

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափանզաց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը ու զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ու այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործերում»,- նշել է վարչապետը։

Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային է։ ՀՀ ժամանելուց առաջ, նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: