AM
20 March 2024 - 07:52 AMT

Օհանյան․ Տավուշից գյուղեր հանձնելու դեպքում Ալիևը դրանք կվերածի ռազմական հենակետերի, Լոռին սահմանային կդառնա

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ այդ դեպքում Ադրբեջանը դրանք կվերածի ռազմական հենակետերի և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու գործն ավելի կհեշտացնի, հայտնում է 168.am-ը։

«Եթե ոչ Հայաստանի մասնատում, ապա կտեսնենք, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է։ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո զորքի հետքաշումն էլ ավելի կբարդացնի Հայաստանի կտրված սահմանների վիճակը, սահմանային կդառնա Լոռու մարզը։ Ադրբեջանը հանձնված գյուղերը կդարձնի ռազմական հենակետեր և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու գործն ավելի դյուրին կդարձնի»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Նրա դիտարկմամբ՝ իրականում Հայաստանի իշխանությունը խաբում է հայ ժողովրդին՝ հրամցնելով խաղաղության կեղծ թեզը և բերում է պատերազմ հայ ժողովրդի գլխին։

«Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական հռետորաբանությունը»,- ասել է նա։

Օհանյանն ընդգծել է, որ Տավուշի մարզից 4 գյուղն էլ եթե հանձնի, միևնույն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանգ չի առնելու․ նրան կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնան այլ օրակարգով՝ ձեռք բերեն անվտանգային երաշխիքներ, իսկ դա չեն կարող անել, քանի որ փչացրել են հարաբերությունները ինչպես ունեցած միակ դաշնակցի, այնպես էլ ոչ դաշնակից երկրների հետ։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։