Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարական է տվել։ Այդ մասին ահյտնել են բուհի մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ չմանրամասնելով ռեկտորի հրաժարականի պատճառը, տեղեկացնում է Factor.am-ը։
Ավելի վաղ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց էր ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
«Շուրջ մեկ ամիս առաջ ես ձեզ փոխանցեցի թղթեր, որոնք կապված էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, որին մեղադրում են Ամերիկայում գողություն անելու մեջ։ Քաղաքացիները նորից ինձ անհանգստացնում են այդ նյութերի հարցով, կուզեի իմանալ՝ դուք ուսումնասիրե՞լ եք այդ նյութերը»,- հարցրել էր պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ ուսումնասիրել են թղթերը։ Նախարարը նաև հայտնել էր, որ պաշտոնական հարցում են ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում են պատասխանի, որի արդյունքներով արդեն կկարողանան ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։
Գալոյանը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2020 թվականի հուլիսին։