AM
20 March 2024 - 09:36 AMT

ԱԳ նախարար․ ՀՀ-ն հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024–ի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ հղած ուղերձում նշել է, որ ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027–ին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։

Նա նշել է, որ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

«Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։

Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի է ունենալու մոտ 800 մշակութային և ուսուցողական միջոցառում։ Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,–ասվում է ուղերձում։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից։ 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվել է Երևանում։