AM
20 March 2024 - 10:43 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ հիմնարար հարցը, որ մեր օրերում ծագում է ժողովրդավարական երկրներում, այն է՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմիցս ենք զգացել, թե ինչպես կարող են ժողովրդավարական ինստիտուտները ներքին կայունություն ապահովել։ Մյուս կողմից, Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը։ Եվ մենք որոշեցինք միանալ Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:

Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է»,–ասել է նա։

Վարչապետը նաև ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներն ու ձգտումները։

«Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մնում է մեր կառավարության առաջնահերթությունը։ Արդյունքում, ըստ Freedom House-ի զեկույցների, Հայաստանը մի քանի տարի անընդմեջ դասվում է «Ազատ ինտերնետ» ունեցող երկրների շարքում։ Մենք գրանցել ենք բարելավում Ազատության միջազգային ինդեքսում՝ մեկ տարվա ընթացքում մեր դիրքերն առաջ մղելով 2 կետով։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում` 2023 թվականին իր դիրքերը բարելավելով 2 կետով։

Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի, և ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության, նրա ինքնիշխանության և նրա միջազգային դերի»,–ասել է Փաշինյանը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը: