AM
21 March 2024 - 06:36 AMT

Բեգլարյան․ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հերթական խոշոր զիջումն է լինելու

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 20–ին Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը հետքայլ է և հերթական խոշոր զիջումն է լինելու:

«Դա կրկին Ադրբեջանի օգտին է, որի դիմաց մենք գրեթե ոչինչ չենք ստանում, որովհետև ադրբեջանական հայցերը միջազգային դատարաններում շատ դատարկ հայցեր են ու հաջողության հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Հայաստանի հայցերի»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Բեգլարյանը նաև ասել է, որ Ազատության հրապարակում ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:

Անդրադառնալով Տավուշում ստեղծված վիճակին և Ադրբեջանի կողմից հարձակման վտանգին էլ՝ կարծիք հայտնեց, որ դա հնարավոր էր կանխել միջազգային հարաբերություններով, դիվանագիտությունը, բանակը հզորացնելով, միջազգային գործընկերների։

«Եվ ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնել, և արտաքին դիմադրողականությունը: Հասկանալի է, որ եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, ուղղակի դրա համար պետք է պատշաճ հաղորդակցություն վարել գործընկերների հետ և փակ, և բաց ձևաչափով»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին, Բեգլարյանն ասել է. «Ես չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունն այն է անում, ինչը ես կպատկերացնեի, որ կանեն: Չեմ կարծում, որ բավական ջանք գործադրվել է, իհարկե, դրա համար բավականին լուրջ միջազգային ճնշում է պետք: Իսկ միջազգային ճնշման համար մենք պետք է ճնշենք, օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Մյուս տարբերակը Ադրբեջանի հետ բանակցելն է, քաղաքական առևտուր անելն է, որը արվեց դեկտեմբերին»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։