AM
21 March 2024 - 09:52 AMT

Բագրատ Սրբազան. Երբևէ, որևէ կերպով չզիջել` սա մեր հայրենիքն է, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն Արևագալի ժամերգության աղոթքից առաջ իր խոսքում ասել է, որ պատասխանատվությունը դնել միայն ոսկեպարցիների, բաղանիսցիների, Կիրանցի ժողովրդի, կոթեցիների, ոսկեվանցիների վրա, հանցագործություն է, և որ սա մարտահրավեր է՝ նետված բոլորին։

«Այսօր՝ այս աղոթքի ժամին, նաև այդ հանձնառությունն ենք ստանձնում մեր այս խոցված վիճակով՝ երբևէ, որևէ կերպով չզիջել»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա խոսել է սպասվող առաջիկա փորձությունների մասին։

Ինչպես Աստվածաշունչը հիշեցնում է՝ Սատանան առյուծի պես մռնչում է՝ հոշոտելու մեզ։ Սատանան, ընդհանրապես, դրսից չի լինում, ներսից է լինում։

Վերջին օրերը մեզ համար կանչ են եղել՝ կապված Տավուշի տարածաշրջանի՝ Հայատան աշխարհի մի մասնիկի տարածքների, գյուղերի, բնակավայրերի հանձնման հետ։ Մեղք է ուղղակի, մոլորեցնող չարիք, սուտ և խաբեություն, երբ չհանձնելու պատասխանատվությունը դրվում է միայն տեղի մի քանի գյուղերի ժողովրդի վրա։

Դա մեր մեծ հայրենիքն է, որից անմասն չի կարող լինել մեր ողջ ժողովուրդը։ Դա Հայաստանն է, մեր հայրենիքն է՝ իր ամբողջության մեջ, հետևաբար, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս։

Եվ վերստին ասում եմ՝ պատասխանատվությունը դնել միայն ոսկեպարցիների, բաղանիսցիների, Կիրանցի ժողովրդի, կոթեցիների, ոսկեվանցիների վրա, հանցագործություն է։ Որևէ տարածքում, որևէ գյուղական վայրում կամ քաղաքային միջավայրում որևէ հողակտորի փոփոխման կամ վերափոխման ներքին վեճի մասին չէ խոսքը, այլ թշնամուն հանձնվելու։ Եվ նա, ով կոչված է լինելու անվտանգության ապահովման երաշխավորը, նա ինքն է իր ձեռքերով հրաժարվում այս հողից և ահաբեկում իր իսկ ժողովրդին։

Այսօր՝ այս աղոթքի ժամին, նաև այդ հանձնառությունն ենք ստանձնում մեր այս խոցված վիճակով՝ երբևէ, որևէ կերպով չզիջել։ Եվ ոչ միայն մտածել չզիջելու մասին, այլև այդ ճանապարհով անցնելու հաղթանակի մասին։ Ինչպես մեր Տերն է գնացել այդ ճանապարհով, մեզ էլ՝ որպես իր անունին հավատացողներ, նույն կոչումն է բաժին ընկել»,–ասել է Սրբազանը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։