AM
21 March 2024 - 10:17 AMT

Օհանյան․ Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու անօրինական հրամանին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Ադրբեջանի պահանջին, հայտարարել է, որ առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Նա նշել է, որ այս գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելը «հանցագործություն է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։

Սեյրան Օհանյանը նաև ասել է, որ բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին, գրում է Aysor.am-ը։

«Այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավուքների մեջ է։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»,-ասել է նա։

Օհանյանը հավելել է, որ այդ հատվածական գործընթացից հետո չենք կարող վստահ լինել, որ ադբեջանական ստորաբաժանումներն այլ հատվածներից հետ են քաշվելու։

«Այդ հարցին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց։ Այս ընթացակարգի խախտումը նաև սահմանադրական նորմի խախտում է, և գտնում եմ, որ այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։