AM
21 March 2024 - 13:04 AMT

Նախարար․ Ակադեմքաղաքում բժշկական ու դասական ուղղությունների տեղակայումն ավելի հետագայի հարց է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ակադեմիական քաղաքում բժշկական ու դասական ուղղությունների տեղակայումն ավելի հետագայի հարց է։

«Նախորդ տարի, երբ կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը, այդտեղ պարզ գրված էր, թե քանի կլաստեր ենք պատկերացնում, և դրանցից որոնք են տեղափոխվում»,– ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նախարարի խոսքով՝ քաղաքի կառուցումը բավականին երկարաժամկետ ծրագիր է, այն տեղի չի ունենում մեկ օրում։

«Առաջին փուլում Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու արվեստի, տեխնոլոգիական ու սպայական, կրթական կլաստերները։ Բժշկական ու դասական ուղղությունները հետագայի հարց են։ Երբ կունենանք Ակադեմիական քաղաքը ու չորս կլաստերները տեղակայված կլինեն, կհասկանանք, կսկսենք քննարկումները մյուս ուղղություններով»,- ասել է նա։

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։