AM
22 March 2024 - 14:04 AMT

Անդրեասյան. Արցախի պատմամշակութային ժառանգությունը և վանդալիզմի դեպքերը գույքագրվել և ուղարկվել են ՅՈւՆԵՍԿՕ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, ասել է, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը և վանդալիզմի դեպքերը գույքագրվել և ուղարկվել են ՅՈւՆԵՍԿՕ։

«ՅՈւՆԵՍԿՕ-ին երևի այնքան նյութ և գրություններ ենք ուղարկել, որ մի քանի հատոր կկազմեն։ Սա անընդհատ աշխատանք է, որն անում ենք։ Եվ ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ին, այլև մշակութային ժառանգության պահպանման հարցում որևէ մանդատ ունեցող կազմակերպության հետ այս թեման շարունակաբար քննարկում ենք և օրակարգային ենք դարձնում։ Նաև մեր երկրում գործող դեսպանությունների և միջազգային կազմակերպություններին անընդհատ փոխանցում ենք տեղեկատվությունը, իհարկե, այդ ամենը գույքագրում ենք, վանդալիզմի դեպքերը։ Ամբողջությամբ գույքագրված և ուղարկված է մշակութային ժառանգության պատկերը։ Այսինքն՝ պատկերն առանձին, վանդալիզմի դեպքերն առանձին, և մենք անընդհատ այս տեղեկատվությունը թարմացված ուղարկում ենք»,–ասել է նա, գրում է «Առավոտը»։

Անդրեասյանը հիշեցրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ չի կայանում դեռևս 2020 թվականի պատերազմից հետո, երբ հայկական կողմն այդ հարցը բարձրաձայնել էր։

«Մշակութային ժառանգության հարցը առաջիկայում մենք նաև կբարձրաձայնենք Հաագայի «Ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման» կոնվենցիայի շրջանակներում։ ԱԳՆ-ի հետ ենք աշխատում, մի շարք նախագծեր կան՝ նաև ավելի տեսանելի դարձնելու հարցը։ Շարունակական աշխատանք է, չեմ կարող ասել, որ արդյունքները մեզ բավարարում են»,- հավելել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։