ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղի շուրջ իրավիճակին, կոչ է արել բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանել դա։
Մանուկյանը շեշտել է՝ Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելու դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը մոտեցնում է Երևանին, գրում է Aysor.am-ը։
«Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանեք դա, այլապես դուք դավաճանելու եք ժողովրդին ու կործանելու եք պետությունը։ Ամուր կանգնե՛ք ձեր տեղում, ու այդ ժամանակ նա կկորցնի իր ազդեցությունը նաև բանակի վրա․․․
Հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու նրանք բարձունքները վերցնեն, ավելի հեշտ կլինի։ Դրանով պատերազմը կմոտենա Երևանին»,–ասել է նա։
Մանուկյանը նշել է, որ Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ միայն, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։
«Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն»,- ասել է նա։
Մանուկյանը նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է թույլ չտալու համար, որ Հայաստանը երբևիցե ոտքի կանգնի, որովհետև Ադրբեջանը Հայաստանից վախենում է։
«Իրենք գիտեն՝ հայերի հետ գլուխ դնելը դժվար է, դրա համար հիմա ուզում են քոքահան անել։ Ադրբեջանը գիտի՝ պատահականությունների հանրագումարն էր, որ նա հաղթեց 44-օրյա պատերազմում»,–ասել է նա։
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։