AM
27 March 2024 - 08:24 AMT

Արշակյան․ Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները։

«Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձևավորման և խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված և հավանության արժանացած սկզբունքների վրա:

1.Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

2.Ալմաթիի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջև նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ:

3.Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների և ընդհանրապես տարածաշրջանի միջև խաղաղության, բարգավաճման և վստահության ամրապնդման համար:

Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին և զգալու Երևանի և Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր պետություններին, ինչպես նաև խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։