ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, շարունակելով պնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե Տավուշից հանձնվող տարածքներն «ադրբեջանական են», ասել է, որ «մեր գյուղերը տվողը հանցագործ է դառնալու»։
«Պետք է գտնել սահմանը, որն առանց մեկս մյուսի վրա կրակելու կվերածվի պետական սահմանի։ Բարդագույն խնդիր է»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է որոշվելու այդ սահմանը, երբ Երևանն ու Բաքուն քարտեզների շուրջ, ըստ Փաշինյանի, համաձայնության չեն եկել, ՔՊ-ական պատգամավորն ասել է, որ կան ինչ–որ քարտեզներ, գրում է Factor.am-ը։
«Կան ինչ-որ քարտեզներ։ Կամ մի քարտեզ, որը սովետական տարիներին արտացոլել է իրական նկարագիրը․ դա ռազմական քարտեզն է»,–ասել է նա։
Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցի ընթացքում հստակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք կան ժամկետներ, թե այսպես կոչված, «ադրբեջանական տարածքները» երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հանձնել Ալիևին։
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։