«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ արդեն կես տարի է, ինչ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում։
«Ռուբեն Վարդանյանի գործունեությունն Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա բազմիցս իրականացրել է Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։
Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ձերբակալությունն ուղերձ է ամբողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատման մասին ադրբեջանական կեղծ լուրերի որոշ արձագանքներին, գրել էր, որ Ռուբեն Վարդանյանը մի օր վերադառնալու է՝ շարունակելու իր նվիրումը հայրենիքին։
«Ռուբեն Վարդանյանը մի օր վերադառնալու է՝ շարունակելու իր նվիրումը հայրենիքին, իսկ դուք մնալու եք որպես մանաթով ու լիրայով հայրենիք վաճառող տականքներ»,- գրել էր նա։
Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանին ձերբակալել էին 2023–ի սեպտեմբերի 27–ին, Հաքարի կամրջի մոտ տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետը հատելիս։
Բաքուն կալանքի տակ է պահում նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։