ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արգենտինական Todos Noticias հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ անվտանգության այն մեխանիզմները, որոնք ՀՀ-ն ունեցել ՌԴ-ի հետ մի քանի տասնամյակ շարունակ, չեն աշխատել։
Նա հավելել է, որ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։
«Այդ իսկ պատճառով մենք պետք է խնդրեինք, որ Եվրամիությունը գար ու դիտարկեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունն ու զարգացումը ժողովրդավարական ճանապարհով և ինստիտուտներով, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։
Լրագրողի հարցին, թե վերոնշյալ համատեքստում ինչպե՞ս կբնութագրի Միրզոյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները, նախարարը նշել է․ «Մենք ունենք տնտեսական հարաբերություններ, երկկողմ առևտուր, համագործակցության տարբեր ոլորտներ և լավ կապեր ունենք անվտանգության առումով։ Բայց ճիշտ է նաև, որ այսօր մենք նույն մտքերը չունենք և, պարզ ասած, նույն լեզվով չենք խոսում։ Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Նա հավելել է, որ ՀՀ–ն ժողովրդավարական երկիր է և ցանկանում է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։
«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մեր հիմնական գործընկերներն են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց»,–ասել է նա։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին: