Ազգային ժողովրդավարական բևեռի՝ ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ նաև ռազմական նշանակության։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ հայտնաբերված իրերի օրինականությունն ստուգելու, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացներ են կատարվում։
Մարտի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի տարածքում ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացրել ԱԺԲ ղեկավար կազմի, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, ինչպես նաև՝ նրանց աջակիցների բնակարաններում։
Մարտի 24-ին նռնակով զինված երեք տղամարդ, փորձել էր ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանք ոստիկանության շենքի մոտ նռնակ էին պայթեցրել, ինչի հետևանքով հենց նրանցից երկուսը բեկորային վիրավորվում էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Երրորդ տղամարդուն վնասազերծել էր ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք եղել են «ԱԺԲ»-ի աջակիցներ։