Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու գրասենյակից ևս 3 աշխատակից գործուղվում են Հաագա՝ մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի բանավոր լսումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ստորագրել է համապատասխան որոշումը։
Լսումները կանցկացվեն ապրիլի 12-27-ը:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին և գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի ապրիլի 12-27-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում կողմերի ներկայացրած նախնական առարկություններին վերաբերող բանավոր լսումներին մասնակցելու նպատակով»,–ասվում է որոշման մեջ։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություներին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Նա նշել է, որ վնասները էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման գործընթացներից: