Հեյդար Ալիեւի խոստովանությունը, որ նա պատրաստ է տալ հայերին Լաչինը փոխանակելով այն Մեղրու հետ, խիստ քննադատություն է առաջացրել ադրբեջանական քաղական գործիչների եւ փորձագետների շրջանում: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան»-ը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը գտնում է, որ պետության ղեկավարը եւ նրա շրջապատը «իրավունք չունեին խաբելու իրենց ժողովրդին»` մինչեւ այժմ հերքելով այդպիսի սկզբունքների գոյությունը: Նրա կարծիքով, անթույլատրելի է հենց հարցի դրվածքը` ադրբեջանական հողը սակարկելու մասին: «Ոչ ոք չի կարող նախաձեռնել ադրբեջանական ժողովրդի կամքին հակասող գործողություններ», նշել է Իսա Ղամբարը: Իր հերթին, ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովն նշել է, որ «եթե Լաչինը տրվի Հայաստանին, ապա հարց է ծագում` ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղին»: Զուլֆուգարովի կարծիքով, Ադրբեջանի հողերի հանձնումը Հայաստանի ինքնիշխանությանը, անհրաժեշտ է դարձնում փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ հանրաքվեի միջոցով: Հեյդար Ալիեւի հայտարարությունը նշանակում է բանակցական գործընթացում նախաձեռնության փաստորեն անցումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկին` Ֆրանսիային: Այդ մասին հայտարարել է «Միլլի Իստիղլալ» կուսակցության փոխնախագահ Իլղար Մամեդովը: Նրա կարծիքով, Հեյդար Ալիեւի հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին: Մամեդովը գտնում է, որ Ադրբեջանը չպետք է համաձայնվի «խաղաղություն` տարածքի փոխարեն» սկզբունքին:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: