AM
2 April 2024 - 09:32 AMT

Մինչև հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակը կնշանակվի՝ սկսած 2023-ի հոկտեմբերի 1-ից

Մինչև 2024-ի հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և դիմել կենսաթոշակի նշանակման համար։ Նախկին կարգավորումներով՝ սահմանված վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 11-ն էր։

Հայրենակիցները կենսաթոշակի նշանակման առցանց դիմում կարող են ներկայացնել socservice.am կայքէջի «Մուտքագրել ԼՂ-ի կենսաթոշակառուին ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում» պատուհանում:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար.

-աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),

-զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։