AM
3 April 2024 - 09:10 AMT

Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ դիտորդները հետևել են գյուղաշխատանքներին

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում հետևել են գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղի ղեկավարի խնդրանքով։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

«Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը հետևել է տեղացիների գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով:

Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ իրավիճակը երկրի ամբողջ տարածքում հանգիստ է»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ–ն սահմանագոտու տարբեր ուղղություններում ռազմատեխնիկա և զինուժ է կուտակում, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով դա։ Իր հերթին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 31–ին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել էր Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը՝ նշելով, որ հաճելի է Հայաստանում ԵՄ դիտորդներից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։