AM
3 April 2024 - 10:18 AMT

Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստի» բաժանմունքի վրա․ Քրվարույթ կա

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ ապրիլի 3–ին դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7-ում գործող «ՀայՓոստի» «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը:

Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Aysor.am-ը՝ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանին հղումով։

Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցել է ՔԿ խոսնակը։

Աբրահամյանը նաև ասել է, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։