AM
3 April 2024 - 12:13 AMT

ՔԿ․ Արցախից ՀՀ տեղափոխված Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 2 անձ։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ:

«Ազատության» տեղեկություններով՝ Սարգիս Գալստյանը Հայաստան է մուտք գործել մարտի 29–ին և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։

Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում նաև պնդել էր՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած իր հորեղբայրը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել: