«Լուսարար» թերթը Արցախի միակ պարբերականն է, որն Արցախի հայաթափումից հետո սկսել է լույս տեսնել Երևանում: Այն մոտ 23 տարի եղել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթը, իսկ այժմ վերահրատարակվում է տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով:
«Հույս ունենք, որ դա ժամանակավոր է, և ոչ հեռու ապագայում «Լուսարարը» նորից կտպագրվի Ստեփանակերտում՝ նախկին կարգավիճակով»,- ասել է թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանը, հայտնում է «Ա1+»–ը։
«Նախաձեռնելով «Լուսարար»-ի վերահրատարակումը Երևանում՝ մենք նպատակ ենք ունեցել պահպանել այն լավագույն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել խմբագրակազմի ու թղթակցային ակտիվի համատեղ ջանքերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում ունեցած նվաճումները, իսկ դրանք բավականին շատ են եղել Արցախում, լայնորեն լուսաբանվել են թերթի էջերում: Այդ ձեռքբերումները մոռացության մատնելու իրավունքը մենք չունենք: Մեր նպատակն է նաև համախմբել իրենց մասնագիտական ոլորտում գործունեություն իրականացնող արցախցի անվանի ուսուցիչներին, արվեստագետներին, մարզիկներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, արձագանքել նրանց բարձրացրած հարցերին և, անշուշտ, արթուն պահել չկորսված հայրենիքի հանդեպ սերն ու վերադարձի հավատը»,- նշել է թերթի խմբագիրը:
«Լուսարարն» ունի նաև կայքէջ և ֆեյսբուքյան էջ:
«Դժվար առաքելություն ենք ստանձնում, հարկավ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խմբագրակազմը փոքր է, անելիքները՝ շատ, էլ չենք խոսում նյութական փոխհատուցման սակավությունից»,- ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։