AM
4 April 2024 - 08:55 AMT

Դըկոտինյի. Բրյուսելի հանդիպման նպատակը ՀՀ-ին աջակցելու հարցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի համատեղումն է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է։

«Այս հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների ջանքերը համատեղելը, ինչպես նաև հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հոսքին, և որ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռևս զգալի են երկրի համար»,- ասել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։

Հարցին, թե ի՞նչ օգնության մասին է լինելու խոսքը, դեսպանը պատասխանել է․ «Հանդիպումը կազմակերպում են Միացյալ Նահանգները և Եվրոպական հանձնաժողովը, որի անդամ պետությունները, ինչպես Ֆրանսիան, ուղղակիորեն մասնակցում են։ Կարծում եմ, որ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այց կատարեց Փարիզ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ արդյունքների, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- նշել է Դըկոտինյին։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։