AM
4 April 2024 - 10:59 AMT

Կոստանյան․ Ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղգնահատական կտա ՀՀ սուվերեն տարածքի օկուպացմանը

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով ՀԱՊԿ հայտարարությանը, ասել է, որ ՀՀ սահմանները բավական հստակ են։

«Կարելի է, իհարկե, վիճել, թե արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունը կարող է հայտարարություն անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից, թե ոչ՝ մեր դիրքորոշումը չի փոխվել և մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա նրան, որ ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվել է», – ընդգծել է Վահան Կոստանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

ՀԱՊԿ–ից պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ–ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին հարցին։ Նշվել է, որ ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմանների շրջանակում։

Անդրադառանալով ՌԴ դեսպանատան՝ ՀՀ կառավարությանը հղված ուղերձին, որով առաջարկվում էր կուտակված խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել՝ Կոստանյանն ասել է, որ դիվանագետները միշտ էլ խոսում են գործընկերների հետ, բայց կարևոր է այն միջավայրը, որը պետք է լինի տարբեր թեմաների շուրջ խոսելու համար։

«Իսկ ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն նպաստում նման մթնոլորտի ձևավորմանը։ Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք ՀՀ- ՌԴ հարաբերությունների օրակարգում, կարծում ենք, որ կարելի է ակնկալել, որ դե յուրե մեր դաշնակից պետությունը դրանց կարձագանքի և կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլեւ` քայլերով, ինչպես նաև չի վնասի ինչպես իրենք են պնդում՝ իրենց դաշնակցի կենսական շահերին»,–ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։