ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը քննարկվելու ենք ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Նա ասել է, թե կան պետություններ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը։
«Մեր սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի», հայտնում է Aysor.am-ը։
«Հանդիպումն ուղղված է մեր տնտեսական հնարավորություններին, մեր կարողությունների բարձրացմանը։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական մեծ միջոցառում պետք է դարձնենք այն, իհարկե, այն շատ կարևոր է մեզ համար։ Պետք է փորձենք ճիշտ կառավարել այն ակնկալիքները, որոնք կան»,-ասել է փոխնախարարը։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, Վահան Կոստանյանն ասել է, թե ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ որևէ կերպ չեն նպաստում երկխոսության միջոցով առկա խնդիրները քննարկելուն։
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։