AM
5 April 2024 - 09:44 AMT

Մայրապետյանից և «Գլոբուս» ընկերության տնօրենից հօգուտ ՀՀ-ի 4 մլրդ դրամից ավելի գումար կբռնագանձվի

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։

Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապերյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):

Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:

Այսպես, կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է մոտ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն,

-ավտոկայանատեղիների արժեքը՝ մոտ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն,

-ոչ բնակելի տարածքների արժեքը՝ մոտ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն:

Սա Հակակոռուպցիոն դատարանում պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։

Վճիռը մեկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում կստանա օրինական ուժ։