Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քե դը Օրսեյի թանգարանի տնօրինության հետ, առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: