AM
8 April 2024 - 08:36 AMT

Ակցիա ԱԳՆ–ի դիմաց, որտեղ ժամանել է Բուրիչը․ «Ազատություն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին»

Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ԱԳՆ մուտքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները դիմավորել են վանկարկումներով։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ իրենց այսօրվա իրազեկման ակցիան վերաբերում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԳՆ մուտքի մոտ նրանք պարզել էին Արցախի Հանապետության ու ՀՀ դրոշները, պաստառներ ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ։ Ակցիայի մասնակիցներն անգլերենով բացականչում էին «ազատություն»՝ freedom, հայտնում է «Փաստինֆոն»։

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նաև իր ձեռքին բարձր պահել էր թուրքական արտադրության մի լամպ։

«Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Թուրքիայի համար»,- բացատրել է իր քայլը Զոհրաբյանը։

Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարայանը նշեց, որ եկել են ճշտել, թե կա՞, արդյոք, Եվրոպայում այլ երկիր, որտեղ հնարավոր է , որ 120000 մարդու ենթարկեն բլոկադայի ու ենթարկեն էթնիկ զտման՝ ազգային պատկանելության համար։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ, այս պահի դրությամբ, «առնվազն 5 քաղբանտարկյալ կա Հյաստանում, ինչը հակաժողովրդավարական է, հակաիրավական է»։

«Մենք ուզում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն։ Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալ կա․ իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ցանկացած ուսանող կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են։ Սա պարզ է։ Մյուս պատճառը, որ մենք այստեղ ենք, այն է, որ հաստատ ԱԳՆ-ում գտնվող մարդիկ Բուրիչի մոտ չեն բարձրաձայնելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը։ Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։