AM
8 April 2024 - 09:21 AMT

Քոչարյան. Պետք է անել ամենը, որ սահմանին կրակոցներ չլինեն, խաղաղության գործընթացին խանգարողները նաև ՀՀ ներսում են

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։

Հարցին, թե Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չե՞ն խանգարում, նա պատասխանել է, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են, գրում է Aysor.am-ը։

«Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ասել է նա։

ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա ասել է, թե եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։

Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։

«Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։