AM
8 April 2024 - 11:37 AMT

Քոչարյանը՝ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին․ ԳԽ–ն նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին, ասել է, որ երբ սահմանագիծը հաստատվեց՝ պաշտպանելը դառնում է շատ հեշտ։

«Դրանից հետո կանգնում են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, նա արձագանքել է. «Պարզ է չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական ամբողջ ներկապնակը գտնվում է Տավուշի մարզում։

«Ընդ որում, խոսում են բաներ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գնում են, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց։ Գյուղերը չենք տալիս, անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց»,- ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։