AM
9 April 2024 - 10:03 AMT

Եվրախորհուրդը 2.8 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ում փախստականների խնդիրների լուծմանը

Ապրլի 11-ին Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ, հայտնում է ՀՀ–ում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։

Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է, Եվրոպայի խորհուրդը նշում է 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։