Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը։ Մասնավորևապես օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը և անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը:
«Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Նա նշել է, որ անասնագերեզմանոցների խնդիրը մինչ այժմ կարգավորված չի եղել:
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ, եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն:
Պատգամավոր Արման Ղազարյանը առաջարկել է ներկայացնել գործող սպանդանոցների ցանկը և նշել է, որ ոլորտը կարգավորելուց հետո միայն կարելի է կիրառել խստացումներ: Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հավելել է, որ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ մարդիկ օգտվեն այդ ծառայություններից: Միայն խստացումներն օգտակար լինել չեն կարող:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող և սեփական կարիքների համար գործող 18 և սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց: Նշվել է, որ 2018 թվականից մինչև 2024 թվականի փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն: