ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում, դիմելով Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, գրել է, որ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումից հետո ԼՂ–ում մոտ 10 հայ է մնացել, որոնք այժմ հալածանքների են ենթարկվում։
Նա կիսվել է տարածաշրջանի թեմաներ լուսաբանող հայտնի լրագրող Լինդսի Սնելլի տեսանյութով՝ թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Ստեփանակերտում մնացած տարեց տղամարդուն։
«Սա այն է, ինչ մենք անվանում ենք ադրբեջանական ռեժիմի դեմքը՝ պնդելով, որ այն չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումից հետո Լեռնային Ղարաբաղում 150,000 հայերից մնացել է մոտ 10–ը, որոնք հիմա հալածանքների են ենթարկվում։
Ահա թե ինչու ենք մենք հայտարարում, որ դա հանցավոր ռեժիմ է և մինչ օրս մեղ հարց տալիս, թե ինչպե՞ս կարող էր միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նա ասում էր, թե «այնտեղ իրենց քաղաքացիներն են ապրում և ունեն Ադրբեջանի սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքներն՝ այնտեղ խաղաղ ապրելու համար»։ Ի՞նչ եք մտածում սրա մասին, Շառլ Միշել»,–գրել է Մարուքյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։