AM
9 April 2024 - 11:43 AMT

Քոչարյանը թյուրիմացաբար է ասել, թե ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշից սկսել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ թյուրիմացություն է եղել, երբ նախօրեին ասել է, թե ՀՀ ԶՈւ ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը, այլ նկատի է ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ ԳՇ-ն պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը։

«Ես մի քիչ խառնել էի, կներեք»,- ասել է Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը։

Գնահատելով սահմանային կրակոցները լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հավանականության մասին կարծիքը՝ Քոչարյանն ասել է, որ նման գնահատական տալու որևէ տրամաբանություն չկա։

«Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ կրակոցները չեն տալիս նման գնահատական տալու որևէ տրամաբանություն, չկա նման բան»,- ասել է նա։

Նա նաև չի պատասխանել այն հարցին, թե Տավուշի գյուղերը ադրբեջանական կողմին հանձնելու դեպքում ՀՀ զինված ուժերը, որ դիրքերում պետք է դիրքավորվեն։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։