AM
9 April 2024 - 13:38 AMT

Փոխվարչապետ․ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերջնական որոշում չկա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում չկա։

«Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Գրիգորյանն ասել է, թե մինչև կարևորագույն սկզբունքների շուրջ վերջնական որոշում չլինի` սահմանազաման գործընթացը սկսել չեն կարող:

«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշել է փոխվարչապետը:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։