Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից վստահեցրել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ:
«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասել է Սիմոնյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա վստահեցրել է, որ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից, որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում չկա։ Գրիգորյանն ասել է, թե մինչև կարևորագույն սկզբունքների շուրջ վերջնական որոշում չլինի` սահմանազաման գործընթացը սկսել չեն կարող: «Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշել է փոխվարչապետը:
Ապրիլի 9–ին ԱԺ–ում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ է անցկացվել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկով, որն անցել է դռնփակ։