Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:
Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը, սակայն, կարևորել է հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում երկու երկրների հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով: Նրա գնահատմամբ՝ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերություններին:
«Պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան դրական պատմություններով հագեցնելու համար: Եվ մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այդպիսի երկխոսության Ռուսաստանի հետ։