AM
10 April 2024 - 15:00 AMT

ԱԱԾ–ն՝ ադրբեջանցի վիրավորի մասին․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ համատեղ քննության

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի վիրավոր։ ԱԱԾ–ն հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ համատեղ քննության։

«ՀՀ քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել։

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն:

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում: